Համաշխարհային առաջնորդները պետք է արգելեն արդյունաբերական ձկնորսությունը՝ օվկիանոսը պահպանելու համար։ Այս մասին ասել է ծովային կենսաբան եւ օվկիանոսագետ Սիլվիա Էրլը, գրում է The Hill-ը։

«Սա թիվ 1 առաջնահերթությունն է, քանի որ մենք հնարավորություն ունենք պաշտպանելու մոլորակի կապույտ սիրտը։ Առեւտրային ձկնորսությունը «ոչ միայն ազդում է կենսաբազմազանության վրա եւ արագացնում անհետացումը, այլեւ խաթարում է ածխածնի ցիկլը՝ սննդարար շղթան, որն ապահովում է Երկրի վրա կյանքի հյուսվածքը»,-ասել է Էրլը:

Էրլն անցկացրել է ավելի քան 7000 ժամ ջրի տակ եւ 1979 թվականին դարձել ռեկորդակիր։

Էրլը, ով բուսակեր է եւ ձուկ չի կերել առնվազն չորս տասնամյակ, ասել է, որ մարդկությունը «չարաշահել է» օվկիանոսը, որը նա անվանել է «կենդանի համակարգ, կենսաերկրաքիմիական հրաշք, որը մեզ անվտանգ է պահում տիեզերքում»: