Ամբողջ աշխարհում այս տարվա առաջին կեսին բնակավայրը հարկադիր լքած մարդկանց թիվն ավելացել է մինչեւ ավելի քան 84 մլն, ինչը, մասնավորապես, պայմանավորված է Աֆրիկայում կոնֆլիկտներով, փոխանցում է AP-ը։
«Միջազգային հանրությունն ի վիճակի չէ կանխելու բռնությունը, հետապդնումները, մարդու իրավունքների խախտումները, բնակավայրերը հարկադիր լքելը։ Բացի այդ, կլիմայի փոփոխության հետեւանքները խորացնում են առկա խոցելիությունը շատ շրջաններում, որտեղ բնակվում են հարկադիր վերաբնակեցված անձինք»-ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2021 թվականի կեսերին տեղահանվածների թիվը գերազանցում է 84 միլիոնը։ Մոտ 1,1 մլն մարդ վերադարձել է իր հայրենիք տարվա առաջին կեսին։
Գործակալությունը նշում է, որ հունվարից հունիս ամիսներին 33 երկրներում գրանցվել է ավելի քան 4,3 մլն նոր ներքին տեղահանված։





























