iPhone ունեցողները սկսել են երկյուղով վերաբերվել iOS օպերացիոն համակարգի թարմացումների տեղադրմանն իրենց սմարթֆոններում։ Այսպիսի տվյալներ են պարունակվում Mixpanel վերլուծական ընկերության հաշվետվությունում։

Մասնագետների հետազոտության համաձայն՝ ներկայում iOS 15-ը տեղադրված է ավելի քան 60 տոկոս սարքերում։ Սա բավական բարձր ցուցանիշ է, բայց ուղիղ մեկ տարի առաջ iOS 14-ը (օպերացիոն համակարգի ակտուալ տարբերակն այն ժամանակ) աշխատում էր Apple-ի գաջեթների արդեն ավելի քան 80 տոկոսում։

Հաշվետվությունում նաեւ նշված է, որ «այֆոն» ունեցողների 33 տոկոսը շարունակում է օգտվել սմարթֆոնից iOS 14-ով եւ առայժմ չի նախատեսում թարմացնել այն։ Եվ միայն մոտ 4 տոկոսն է, որ ունի օպերացիոն համակարգի ավելի հին տարբերակներ։

Թարմացնել չցանկանալու վրա կարող էին ազդել Apple-ի՝ iOS 15-ում նոր ֆունկցիայի ներդրման պլանները՝ օգտատերերի արգելված կոնտենտի լուսանկարների սքանավորումը, այն է՝ երեխաների հետ դաժան վերաբերմունքը։ Շուտով, հանրային դժգոհությունից եւ սմարթֆոնների տերերին հետեւելու փորձի մեղադրանքներից հետո, Apple հայտարարեց, որ հետաձգում է հնարավորության ներդրումն անորոշ ժամանակով։