Վեներան միաժամանակ նման է եւ նման չէ «քրոջը»՝ Երկրին։ Մոլորակները մոտավորապես նույն խտությունն ու համադրելի զանգվածն ունեն, բայց եթե Երկիրը հարմարավետ հանգրվան է դարձել կյանքի համար Արեգակնային համակարգում, ապա Վեներայի վրա գոյացել է «դժոխքի նոր մասնաճյուղ», գրում է «Наука и жизнь» ամսագիրը։
Դրա պատճառները կարող են շատ լինել, բայց, ինչպես Ամերիկյան երկրաֆիզիկական միության համաժողովում նշել են Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտի մոլորակաբանները, դրանցից մեկը տարբեր արագությունն է, որով աստղակերպերը բախվել են մոլորակների հետ իրենց ձեւավորման վաղ փուլերում։
Հետազոտողները մոդելավորել են նոր-նոր ձեւավորվող մոլորակների հետ մոլորակազիմալների (ոչ մեծ քարային մարմիններ երիտասարդ Արեգակի ուղեծրում) բախումների դինամիկան։ Եվ այդ հաշվարկները ցույց են տալիս, որ 4,5-4,0 մլրդ տարի առաջ Վեներայի հետ յուրաքանչյուր չորրորդ աստղակերպի բախումը եղել է 30 կմ/վրկ-ից բարձր արագությամբ։ Այն դեպքում, երբ Երկրի համար միայն յուրաքանչյուր տասներորդ բախումը կարող էր լինել այդքան բարձր արագությամբ։
Որքան ավելի մեծ է աստղակերպի արագությունը, այնքան ավելի շատ էներգիա է արտազատվում մոլորակի հետ դրա բախումից։ Բավական խոշոր մարմնի անկումը կարող է լիովին հալել մոլորակի «պատմուճանը», ինչի պատճառով նրա էվոլյուցիան կհեռանա այն պայմանների ձեւավորումից, որոնք նպաստում են կյանքի զարգացմանը։ Օրինակ՝ չի կատարվի սալաքարերի տեկտոնական շարժի պրոցեսը կամ առաջնային մթնոլորտը լիովին կանհետանա մոլորակից, իսկ դրա տեղը կզբաղեցնեն կյանքի համար ոչ այնքան «բարեկամական» գազեր, որոնք կարտազատվեն հալված պատմուճանից։
Ի դեպ, ավելի մեծ թվով հետազոտություններ են մատնանշում այն մասին, որ Վեներայի վրա կյանքի սաղմնավորման շանսեր եթե եղել էլ են, ապա՝ շատ փոքր։ Օրինակ՝ վերջերս Nature-ում հրապարակվել էր հոդված, որում նկարագրվում էր մոլորակի մթնոլորտի վաղ էվոլյուցիան։ Համաձայն գիտնականների առաջարկած կլիմայական մոդելի՝ Վեներայի մակերեսը երբեք չի սառել ամբողջությամբ, որպեսզի նրա վրա կոնդենսացվեր ջուրը եւ գոյանային ծովեր ու օվկիանոսներ։ Այն ժամանակ գլխավոր«մեղավոր» էր նշանակվել Արեգակը. Վեներայի ուղեծիրը նրան ավելի մոտ է գտնվում, դրա համար էլ մոլորակը նրանից ավելի շատ էներգիա է ստանում։ Չնայած, ինչպես տեսնում ենք, աստղակերպերի կողմից «տաքացվելը» նույնպես կարող էր իր դերն ունենալ։





























