Եվրոպայի սաամցի եղջերվապահները Սամպիից (տարածաշրջան, որը գտնվում է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի տարածքների վրա), հայտնվել է կլիմայական աղետի առջեւ. Արկտիկան տաքանում է, ինչը կասկածի տակ է դրել սովորական կենսակերպի պահպանման խնդիրը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։
Սաամները Եվրոպայի միակ բնիկ ժողովուրդն են։
Խնդիրը խորանում է ջերմաստիճանի փոփոխության արագ տեմպերով։ Երկակի տաքացման փոխարեն Արկտիկայում, ինչպես սկզբում կարծում էին գիտնականները, տարածաշրջանը ջերմանում է չորս անգամ ավելի արագ։ Այս տարվա հուլիսին Սամպիում գրանցվել է ամենաբարձր ջերմությունը ավելի քան 100 տարվա մեջ՝ Ցելսիուսի 33,6 աստիճան։
Կիրունայի՝ Շվեդիայի ամենահյուսիսային քաղաքի եղջերվապահ Լարս Անդերս Կուհմունենն ասել է, որ ձմեռները տաքացել են։ Կուհմունենը եւ այլ եղջերվապահներ կլիմայական ճգնաժամի եզրին են հայտնվել։ Բեւեռային շրջանի դաժան պայմաններին վարժված եղջերուները չեն կարողանում հարմարվել ավելի տաք կլիմային։ Կենդանիներն օգտագործում են իրենց բահանման կճղակները, որպեսզի հայթայթեն ձմեռային հիմնական սնունդը՝ քարաքոսը, ինչպես նաեւ այլ բույսեր ձյան տակից։ Բայց սնունդ գտնելն ավելի ու ավելի է դժվարանում։
Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է տեղումների վրա։ Անձրեւից հետո հողը սառչում է, եւ քարաքոսները մնում են սառցի տակ, ինչի պատճառով կենդանիները չեն կարողանում հասնել դրանց։ Ձյան խիտ շերտը եղջերուներին թույլ չի տալիս գտնել բույսերը հոտառությամբ։ Սովորաբար այնպիսի երեւույթներ, ինչպես սառածությունն է, ձնհալն ու ձնախառն անձրեւը, Արկտիկայում նորմալ են համարվում, բայց այժմ դրանք դարձել են չափից ավելի հաճախակի եւ մասշտաբային։
«Հյուսիսային եղջերուները կորցնում են իրենց կեցության միջավայրը անտառահատումների եւ հանքավայրերի բացման պատճառով։ Իմ հոր սերունդը դահուկներով էր գնում եղջերուների մոտ։ Մենք օգտագործում ենք ձնագնացներ, որովհետեւ հեռավորությունները մեծացել են»,- ասել է եղջերվապահ Կուհմունենը։ Եղջերվապահությունն արդեն սպառնալիքի տակ է մարդու էքսպանսիայի պատճառով, քանի որ անտառահատման եւ լեռնահանքային ձեռնարկությունները տեղավորվում են ավանդական արոտավայրերում։ Նորվեգացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին հարյուրամյակում հյուսիսային եղջերուների կեցության անձեռնմխելի տարածքները, ներառյալ հիդրէլեկտրակայանների կառուցման նպատակով վերացված արոտավայրերը, կրճատվել են 70 տոկոսով։
Գլոբալ ջերմացման հետեւանքներն արդեն դրսեւորվում են տունդրաների հաճախակի հրդեհներով, որոնք արագացնում են հավերժական սառածության քայքայումն Արկտիկայում։ Կլիմայի փոփոխությունները կարող են նոր բնական անոմալիաների պատճառ դառնալ։





























