Ճանապարհորդությունների եւ լավ երեկույթների սիրահարը նշել է իր 100-ամյակը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է Staten Island Advance-ը:

Նյու Յորքից Մարի Բելեզան դեկտեմբերի 11-ը նշել է իր ընտանիքի հետ: Նա ունի երկու երեխա, հինգ թոռ եւ յոթ ծոռ: Ամերիկուհին երկար տարիներ որպես վաճառողուհի է աշխատել խոշոր ցանցային խանութներում, իսկ ավելի ուշ հաշվապահություն է սովորել։ Չնայած մեծ տարիքին՝ կինն ապրում է իր տանը եւ ինքնուրույն է հոգ տանում իր մասին։

Բելեզան նույնիսկ 100 տարեկանում է շարունակում երեկույթների մեծ սիրահար մնալ, իսկ նրա սիրելի տոնը Հելոուինն է։ Թոշակառուն պատմել է, որ իր երկարակեցության պատճառը սերն է  Մանհեթեն կոկտեյլի հանդեպ։ Նա ամեն օր ոգելից խմիչք է խմում ուղիղ ժամը 16:00-ին: Այդ ավանդույթը եկել է կնոջ հանգուցյալ ամուսնուց, ով սովորաբար աշխատանքից վերադառնում էր հենց այդ պահին։

Ընտանիքի եւ հարեւանների շրջանում Բելեզան հայտնի է իր տնական տորթերով եւ արհեստագործական հմտություններով. նա հիանալի կերպով վարագույրներ է կարում եւ նույնիսկ Զատկի տոնական հանդերձանքեր է պատրաստում իր թոռների ու ծոռների համար։