Լեհ հետազոտողները Պերուի Մաչու Պիկչու հնագույն պարկի տարածքում հայտնաբերել են հնագույն կառույցի նոր մասեր։ Հայտնագործությունը հնարավոր է դարձել շնորհիվ լազերային սքանավորման տեխնոլոգիայի, որը թույլ է տվել գտնել հնագույն կառույցները ջունգլիների խիտ բուսականությունում, տեղեկացնում է Nauka w Polsce-ն։

Մի քանի տարի առաջ Մաչու Պիկչու պարկի ղեկավարության հետ համագործակցության շրջանակում լեհ գիտնականները սկսել էին հետազոտել ինկերի Չաչաբամբա ծիսական համալիրը, որը գտնվում է Պերուում, Մաչու Պիկչուի Ազգային հնագիտական պարկում։ Տարածքի մեծ մասը ծածկված է մերձարեւադարձային անտառներով, ուստի դրա հետազոտումը բավական դժվար էր։ Այդ պատճառով հնագետները որոշել էին օգտագործել դրոն, որին միացված էր լազերային սքանավորման սարք (LiDAR)։

«Արդյունքում՝ մենք կարողացանք այս վայրում հայտնաբերել մի շարք անհայտ կառույցներ»,- ասել է Դոմինիկա Սեչկովսկան Վարշավայի համալսարանի Անդերի հետազոտական կենտրոնից, որն իրականացնում է Ազգային գիտական կենտրոնի՝ Չաչաբամբայի ջրային համակարգի ուսումնասիրման նախագիծը։

Ծիսական համալիրի կենտրոնական մասում մեծ գլաքար է եղել՝ տարբեր խորաններով, աստիճաններով եւ ոչ մեծ ջրանցքով, որով դեպի խորան է հոսել հեղուկ, հնարավոր է՝ ըմպելիքներ կամ կենդանիների արյուն։ Գլաքարի առջեւ եղել է ոչ մեծ հրապարակ՝ կողային շինություններով, որոնք շրջապատված են եղել տասը ոչ մեծ ծիսական լոգատաշտերով, որոնք հնագետները անվանել են շատրվաններ։ Դրանք պահեստարաններ էին, որոնց մեջ ջուրը հոսում էր պատերն ի վար։ Դրանք օգտագործվել են ծիսական լվացումների համար։

Վերջին հետազոտությունների ընթացքում, շնորհիվ լազերային սքանավորման օգտագործման, գիտնականները հայտնաբերել են նաեւ նախկինում անհայտ ջրանցքների հատվածներ, որոնցով ջուրը համալիր է եկել մերձակա գետից։ Ջուրը Չաչաբամբա ծիսական համալիր է եկել քարակող ջրատար համակարգով, որը մասամբ գտնվել է հողի տակ։ Այնուհետեւ, շնորհիվ դրենաժային համակարգի, ջուրը հոսել է հակառակ ուղղությամբ՝ հովտով դեպի գետ։

Հետազոտողների ուշադրությունը գրաված շինությունները գտնվում են ծիսական համալիրի վերջնամասում։

«Ընդհանուր առմամբ դրանք տասը ոչ մեծ կառույցներ են։ Մենք ենթադրում ենք, որ այնտեղ ապրել են մարդիկ, որոնք կառավարել են համալիրը։ Մենք ավելի շատ տեղեկություն կստանանք, երբ պեղումներն ավարտվեն»,- նշել է Սեչկովսկան։ Բայց գիտնականները լազերային պատկերների հիման վրա եկել են այն եզրակացության, որ այդ շենքերի կառուցման համար շատ ավելի քիչ ուշադրություն է հատկացվել, քան համալիրի կենտրոնական մասի համար։

Սեչկովսկայի խոսքով՝ հիմքեր կան կարծելու, որ համալիրը հիմնականում խնամել են կանայք։ Այս մասին են վկայում այն առարկաները, որոնք հայտնաբերվել են նախորդ պեղումների ժամանակ, որոնք իրականացրել է լեհ-պերուական թիմը։ Դրանք կապված են ջուլհակության հետ, եւ այդ արհեստով ինկերի պետությունում զբաղվել են կանայք։