Հայաստանում հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցող 44 հազար մարդ կա, որը բնակչության մոտ 1,5 տոկոս է կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հոգեբուժական հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Սողոյանը: Նրա խոսքով` մեր երկրում, ինչպես եւ ամենուր, տարեցտարի աճում է հոգեկան շեղումներով հիվանդների թիվը: «Աճում է նաեւ դիմելիությունը, եթե ասում ենք` 44 հազար մարդ, դրանք այն մարդիկ են, ովքեր դիմել են, բայց կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն դիմում մեզ»,- ասաց նա:

Արմեն Սողոյանը բերեց մի շարք միջազգային տվյալներ, ըստ որի, օրինակ, հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 3-7 տոկոսի մոտ հանդիպում են տարբեր տեսակի հոգեկան խանգարումներ, ինչպես նաեւ կան տվյալներ, որ բնակչության 25 տոկոսը տարբեր տարիների ունենում է հոգեկան ինչ-ինչ խնդիրներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամբողջ աշխարհում այսօր 450 մլն հոգեկան շեղումներով մարդ կա:

«Կյանքի ռիթմի փոփոխություններով պայմանավորված` սթրեսները շատանում են եւ կանխատեսվում է, որ 2020 թվականին դեպրեսիան կլինի ամենատարածված հոգեկան հիվանդությունը ողջ աշխարհում»,- նշեց նա:

Մեկ հետաքրքիր տվյալ եւս.  Արմեն Սողոյանի խոսքով` ինքնասպանություն գործողների 60 տոկոսը դեպրեսիայով հիվանդներ են: «Վիճակագրությունը ցույց է  տալիս, որ ինքնասպանություններից ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր համաշխարհային պատերազմներից կամ բոլոր վթարներից ու բնական աղետներից»,- ասաց նա: Բժշկի խոսքով`դեպրեսիան եւս հոգեկան հիվանդություն է, այն առաջանում է, օրինակ` երբ մարդն աշխատանք կամ հարազատ է կորցնում: Այն էականորեն կապված է կյանքի որակի հետ, որը, Սողոյանի ներկայացմամբ, մեզանում 10-20-րդ տեղում է:

Ըստ նրա` ինքնասպանությունների թվով Հայաստանը, բարեբախտաբար, աշխարհի երկրների շարքում վերջին տեղերում է: «Ինքնասպանությունների պատճառները կոմպլեքս են, որի մեջ մտնում են նաեւ սոցիալ-տնտեսական պայմանները: Ինքնասպանությունների աճին նպաստում է նաեւ դրանց լուսաբանումը. ո՞ւմ է օգուտ, որ գրում ենք, որ ինքնասպան է եղել այսինչը: Մարդը կարդում է  եւ հակազդեցություն չի առաջանում»,- ասաց նա` հավելելով, որ մեզանում ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է մասնագիտական մակարդակով քննարկումներ ծավալել, որոշակի ծրագիր մշակել, ոչ թե աշխատել հասարակական գիտակցության վրա: «Քանի որ դու չես որոշում ծնվել, թե` ոչ, ուրեմն նաեւ դու չպետք է որոշես մեռնել. ապրել է պետք»,-  ամփոփեց նա: