Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը լիազորությունները ստանձնելուց ի վեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների եւ նրանց համակիրների պատճառով, չի կարողանում փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարել Արփի համայնքում։

«Մերգել Ղարիբյանը, որը Արփիի համայնքապետն էր, չի ցանկանում ընդունում-հանձնում անել, նա չի ներկայանում, որպեսզի այդ գործընթացն անենք։ Մենք էլ դիմել ենք ոստիկանությանը, որ իրենք հասարակական կարգն ապահովեն ընդունում-հանձնում կատարելու համար։ Պայմանավորվել ենք, որ երկու օրից պետք է ընդունում-հանձնում անենք»,- ասաց Ջեմմա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ, Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքները միավորվեցին եւ դարձան մեկ խոշորացված համայնք, որն արդեն կոչվեց Ամասիա։ Ընտրություններում առավել թվով ձայն էր ստացել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն (1217 ձայն), «Արփի-Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն: ՔՊ-ն եւ «Արփի Ամասիան» պետք է ստանային 6-ական մանդատներ, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ Սակայն, ՔՊ-ի ավագանու թեկնածուները, մինչեւ մանդատների բաշխումը, ինքնաբացարկ էին հայտնել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն Ամասիա համայնքում։ Բայց մյուս երկու ուժերը վերցրել էին մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ էին ընտրել Ջեմմա Հարությունյանին:

ՔՊ-ն համայնքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր Վարչական դատարան, սակայն դատարանը մերժել էր նրանց դիմումը։ Մեզ հետ զրույցում Արփիի նախկին համայնքապետ Մերգել Ղարիբյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի այդ որոշումը։

«Մենք պնդում ենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովը չպետք է բաշխեր այդ 9 մանդատը, խոսքը «Արփի-Ամասիայի» եւ ՀՀԿ-ի մանդատների մասին է։ Քանի որ մենք ինքնաբացարկ էինք ներկայացրել, չպետք  է բաշխեին, որ արտահերթ ընտրությունների գնայինք, բայց այդ մանդատները բաշխվեց եւ նրանք էլ համայնքային իշխանություն ձեւավորեցին»,- ասաց Մերգել Ղարիբյանը։

Նրա խոսքով, Արփի համայնքում հանձնման-ընդունման գործընթացները  չեն կատարվում, որովհետեւ ժողովուրդը չի ցանկանում։

«Ժողովուրդը բողքի ակցիաներ է արել, բազմիցս, երեկ էլ Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում էին մարդիկ հավաքվել, եւ պնդում էին, որ չեն թողնելու հանձնում-ընդունում կատարվի»,- ասաց նախկին համայնքապետը։

ՔՊ-ն չի համակերպվում տեղի ունեցածի հետ, որովհետեւ Արփի համայնքում, ստացել էր ընտրողների 90%-ի վստահությունը, հետեւաբար նրանք չեն ցանկանում, որ իրենց համայնքապետը լինի այլ ուժի ներկայացուցիչ։

Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հավելեց՝ քանի դեռ հաստիքացուցակը հաստատված չէ, ինքը չի կարող վարչական ղեկավարներ նշանակել։ «Մենք նախարարություն ենք ուղարկել հաստիքացուցակը, երբ այն կհաստատվի, մենք վարչական ղեկավարներ կնշանակենք։ Ես բնկաիչների հետ կզրուցեմ, թեկնածու կառաջդրեն, կնշանակեմ վարչական ղեկավարներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։

Ամասիա խոշորացված համայնքում ընդգրկված է  մոտ 20 բնակավայր։

Հիշեցնենք նաեւ, որ «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՔՊ-ն  ի սկզբանե մտադիր էին կոալիցիա կազմել, այս մասին նրանք անգամ պաշտոնական հայտարարություն էին տարածել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվել էր։ «Արփի Ամասիա» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել միավորվել ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին առաջադրելու պայմանով, սակայն ՔՊ-ն չէր համաձայնել: