Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ուսանողները երեկ՝ փետրվարի 2-ին, բակում վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ։ Դանակահարության հետեւանքով կա երկու վիրավոր, երկուսն էլ՝ 17 տարեկան։
Քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դասերից հետո եւ շենքից դուրս.
«Պատճառը շատ դեռահասական է, սերն է պատճառը, միայն դա կարող եմ ասել։ Շատ վատ բան է եղել, եւ հիմա որոշումներ եմ կայացնում, թե ինչ պետք է անեմ։ Այն ատելության մթնոլորտը, որ հասարակությունում տիրում է, հանգեցնում է նաեւ այսպիսի դեպքերի։ Իրենց անցման շրջանում փորձում են տղամարդ ձեւանալ, մի հատ խոսակցությունը վերածվել է դանակահարության»։
Պարույր Սանթրոսյանը նշեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մյուսների հարցերով էլ Ոստիկանությունն է զբաղվում. «Ես էլ իմ լիազորությունների շրջանակում որոշումներ կկայացնեմ, որովհետեւ երեխաներ կան, որ այստեղ սովորելու իրավունք չեն ունենալու։ Այս ամենն ինձ համար անընդունելի է, ես ունեմ 13 զոհված ուսանող, այս տղերքին ես միշտ օրինակ եմ բերում, իսկ իրենք նախընտրում են իրար դանակահարել»։
NEWS.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ ուսանողներին դանակով հարվածել է 15-ամյա պատանին։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։





























