Այսօր` հուլիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերի հանդիպումը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Իսկ երբ NEWS.am-ի թղթակիցը փորձեց նրանից ճշտել, թե հարցերի ի՞նչ շրջանակ են քննարկել համազեկուցողների հետ, նա ոչինչ չասաց, նշելով միայն, թե հանդիպման արդյունքների մասին ՀԱԿ-ն առաջիկայում հաղորդագրություն կտարածի: Նույնն ասաց նաեւ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Մինչդեռ, ՀԱԿ համակարգողը տեղի ունեցած հանդիպումից առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր. «Մենք բարձրացնելու ենք, իհարկե, այս ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորման խնդիրը: Մենք վստահ ենք` այս քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումով: Բնականաբար, դա կպահանջի նաեւ այնպիսի պայմանների ստեղծում, որ այս ընտրությունները անցնեն հավասար մրցակցության պայմաններում:

Դա նշանակում է նաեւ, որ պետք է լուծվի խոսքի ազատության խնդիրը. Հայաստանում այսօր բոլոր հեռուստատեսությունները գտնվում են նախագահական աշխատակազմի վերահսկողության ներքո»: Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր նաեւ, թե ԿԸՀ նախագահի պաշտոնում Գարեգին Ազարյանի վերընտրվելը ազդանշան է, որ «իշխանությունները դեռեւս պատրաստ չեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել Հայաստանում» եւ որ իշխանություն-ՀԱԿ երկխոսության ընթացքում պետք է լուծում տրվի նաեւ այդ հարցին` «Ազարյանը պետք է հեռանա»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը Հայաստան է ժամանել հուլիսի 20-ին: Նախատեսված է նրանց հանդիպումը նաեւ ԱԺ նախագահի եւ խորհրդարանական խմբակցությունների հետ:  Համազեկուցողները Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկելու են երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները, նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես ընտրական բարեփոխումներին:

Համազեկուցողներն իրենց փաստահավաք առաքելությունը կավարտեն հուլիսի 21-ին: Ներկայիս այցի ու հանդիպումների արդյունքներով նրանք պետք է գնահատեն իրավիճակը եւ հոկտեմբերին ԵԽԽՎ-ին ներկայացնեն Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց: