Ամուլսարում ոսկու հանքավայրի բաց շահագործման դեպքում էկոլոգիական լուրջ խնդիրներ կառաջանան։ Այս մասին ահազանգում է «Էկոլուրը»՝ նշելով, որ ոսկու հանքի շահագործման դեպքում տարածքի հարուստ էկոհամակարգը կաղտոտվի ծանր մետաղներով եւ տոքսիկ նյութերով, քանի որ հանքի շահագործման համար նախատեսվում են պայթեցումներ, որոնք կառաջացնեն փոշու թունավոր ամպեր։
Հանքավայրի հարակից հատվածում են գտնվում Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները։ Հարկ է նշել, որ 257մլն խմ տարողությամբ Սպանդարյանի ջրամբարը, մեծությամբ Հայաստանում երկրորդն է, այսինքն՝ շահագործման դեպքում վտանգ կա, որ ծանր մետաղներով եւ տոքսիկ նյութերով հարուստ փոշին կաղտոտի նշված ջրամբարները։
Տեղեկացնենք, որ հանքի ազդեցության գոտում է հայտնվել առնվազն մեկ բնակավայր, իսկ նույն գոտում գտնվող սարահարթերը օգտագործվում են որպես արոտավայրեր։ Ստացված կաթով մատակարարվում են Ջերմուկ, Եղեգնաձոր, վայք քաղաքները։
Ամուլսարի շրջակայքը հարուստ է նաեւ բուսական եւ կենդանական աշխարհով: Տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Այստեղ ապրում են 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 12 տեսակի սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակի ձկներ:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի Տիգրանես տեղամասի բաց եղանակով շահագործման նախագծին 2009թ. դրական եզրակացություն է տվել Հայաստանի բնապահպանության նախարարությունը։ Հանքավայրի բաց եղանակով շահագործման արտոնագիրը «Lydian International» ընկերությանն է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ֆինանսավորումն իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից, իսկ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (EBRD) «Lydian International» ընկերության բաժնետերն է:




























