«Հայաստանում տարեց քաղաքացու իրավունքները ոտնահարված են բոլոր առումներով: Խոսքը միայն սոցիալական իրավունքի մասին չէ. ուղղակի այն այնքան արտահայտված է ոտնահարվում, որ մոռանում ենք իրավունքի ոտնահարման մյուս դրսեւորումների մասին»,- այս հայտարարության հեղինակը Գյումրիի «Արաքս» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանն է:
Նրա խոսքով, ոտնահարված է տարեցների հանգստի, հոգեւոր- մշակութային արժեքներին հաղորդակից լինելու իրավունքները:
«Հասկանո՞ւմ եք, գոնե տարվա մեջ 10 օր մարդ իրավունք ունի հանգստի գնալու: Նախկինում նման բան կար, դիմում էին սոցապ բաժիններին, առողջապահական կազմակերպություններին, ուղեգիր էին ստանում, գնում առողջարանային վայրեր, հիմա չկա նման բան:
Տարեց, վաստակած հանգստի գնացած քաղաքացին չի կարող մեկնել հանգստավայր գոնե մեր հանրապետության ներսում»,-ասել է Ալլա Խաչատրյանը:
Նրա ներկայացմամբ, «Արաքս» ՀԿ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի գոնե հոգեւոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու բացը լրացնի, սակայն կազմակերպության նախագահի խոսքով, հիմնական անելիք ունի կառավարությունը:
«Նախկինում, որ տոմս էինք տալիս մեր շահառուներին` թատրոն կամ կինո գնալու, զարմանում էին, ասում էին` ինչ ենք անելու: Այնքան ընդգծված է սոցիալական իրավունքի ոտնահարումը, որ մյուս իրավունքների մասին մոռանում են»,-ասել է Ալլա Խաչատրյանը:




























