Բյուրականում հուլիսի 22-ին կմեկնարկի «Բազե» երիտասարդական ճամբարը։
«Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների եւ արշավի, ինչպես նաեւ կանցկացնեն հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով լի հարուստ օրեր։
«Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ճամբարի անցկացմանն աջակցում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ճամբարը կանցկացվի երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ:
Ճամբարի օրակարգը հագեցած է. Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից երիտասարդների համար կանցկացվեն առաջին օգնության դասընթացներ, կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ։ Ճամբարի առօրյան հագեցած է նաեւ մշակութային միջոցառումներով. յուրաքանչյուր ջոկատ կներկայացնի «Բյուրականի առեղծվածը» խորագրով թատերական սկեչ, ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր եւ խաղեր։ Ճամբարում երեկոյան ժամերին կկազմակերպվի խարույկահանդես։ Նախատեսված են նաեւ հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։ Ճամբարի առաջին օրը՝ հուլիսի 22-ին, երիտասարդները կհյուրընկալեն ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ: «Բազե» ճամաբարի առանձին գույնը ներկայացնող մասնակիցները կհավաքեն Առնո Բաբաջանյանի դիմանկարով պատրաստված խճանկարը:
Հուլիսի 22-ին մեկնարկած «Բազե» ճամբարը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը։




























