«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության հեղինակները մտադիր են հուլիսի 22-ին առավոտյան ժամը 11-ին բողոքի երթ կազմակերպել դեպի Երեւանի քաղաքապետարան: Այն մեկնարկելու է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից Անգլիական այգուց։
Երթի մասնակիցները նամակ-պահանջ են հանձնելու քաղաքապետին, այնուհետեւ երթով շարժվելու են դեպի մետրոյի կայարաններ ու մարդկանց իրազեկելու են, որ իրենք անտարբեր չեն մետրոյի սակագնի թանկացմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը դարձել է 100 դրամ` նախկին 50 դրամի փոխարեն: Սա վերջին ութ տարիների ընթացքում ուղեվարձի թանկացման առաջին դեպքն է։ Դրանից առաջ մետրոյի սակագինը 40-ից 50 դրամի բարձրացել էր 2003 թվականին:
Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանի փոխանցմամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ուղեւորների թիվը կրճատվել է շուրջ 14 տոկոսով:




























