Հուլիսի 19-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է «Գործարարի գլխին սարքել են» հոդվածը, որտեղ «Դոկս ֆարմ» դեղատան տնօրեն Հրանտ Պապիկյանը պատմել է հարկային տեսուչների անօրինական պահանջների մասին: Ընդ որում` տեսուչների հետ խոսակցությունը ձայնագրվել է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին հանձնարարեց ծառայողական քննություն կատարել, եւ` «եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ»:
Նշենք, որ ըստ հրապարակված հոդվածի` հունիսի 24-ին Կենտրոնի հարկային տեսչության 3 տեսուչ մտել են Թումանյան 27/7 հասցեում գործող դեղատուն եւ հայտարարել, որ քիչ առաջ մի քաղաքացի դեղատնից 1350 դրամի առեւտուր է կատարել եւ նրան ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, ինչի համար իրենք պետք է տուգանեն 300 հազար դրամ: Տեսուչը ներկայացել է Գարիկ անունով, սակայն հետո պարզվել է, որ իսկական անունը Սամվել Զաքարյան է: Մյուս տեսուչներն են եղել Նելսոն Կարապետյանը, Հրաչիկ Մկրտչյանը եւ Կարեն Ախնազարյանը:
Դեղատան տնօրեն Հրանտ Պապիկյանը հրաժարվել է վճարել նրանց պահանջած 300 հազ. դրամը` պահանջի անհիմն լինելու պատճառով:




























