Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-21-ին Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլուրնոյի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այնուհետեւ տեղի են ունեցել հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակությունները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` միջազգային անվտագության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Սելեստ Վոլանդերի համանախագահությամբ: Պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով համատեղ զորավարժությունների եւ վարժանքների անցկացումը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտական եւ ենթասպայական կազմերի վերապատրաստման ոլորտներին առնչվող ծրագրեր:
Ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվել են ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քուրթ Ամենդին, սպառնալիքի նվազեցման եւ արտահանման վերահսկման հարցերով փոխտեղակալ Էնն Գենզերին: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման, ՀՀ զինված ուժերի` խաղաղապահ գործողություններին մասնակցության, ռազմական կրթության, մարդասիրական ականազերծման վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ:
Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները:




























