«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, Սերժ Սարգսյանին ճանաչելով որպես խնդիրներին իրավիճակային լուծում տվող մարդկային տեսակ, լավ գիտի, որ ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ իշխանություն-ընդդիմություն երկխոսության պարագայում նա սպասում է իրավիճակային զարգացումների եւ երեւույթը սկզբից մինչեւ վերջ չի հաշվարկել։ Նման տեսակետ Սմբատ Այվազյանն արտահայտեց հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր քաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցը Սերժ Սարգսյան-Հայ ազգային կոնգրես երկխոսությունն է։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյան. որովհետեւ այս երկրում բոլոր հարցերը լուծվում են նրա կողմից։ Հիշենք մարտի 1-ի իրադարձությունները, երբ ասվում էր, որ այդ էջը փակված է, մինչդեռ Սերժ Սարգսյանի հրահանգով գործը սկսեց վերաքննվել, չնայած համոզված եմ, որ ավազակապետական համակարգում մարտի 1-ի գործով ոչ մի բացահայտում էլ չի լինելու։ Նույնը կարելի է ասել երկխոսության մասին, երբ ավելի վաղ իշխանությունը հայտարարում էր, որ ՀԱԿ-ի ներկայացրած նախապայմանների պարագայում երկխոսություն պարզապես չի կարող լինել, մինչդեռ հիմա երկխոսություն կա։ Սերժ Սարգսյանն ուղղակի, իր նման, ամեն ինչ կիսատ-պռատ է անում»,- ասաց Այվազյանը՝ շեշտելով, որ դրա պատճառով Սերժ Սարգսյանը չգիտի, թե ինչ է լինելու երկխոսության վերջում:
Նա նկատեց, որ եթե մինչեւ սեպտեմբեր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն արդյունքներ չտա, ապա այն շարունակելն ուղղակի անիմաստ է։ «Մինչեւ սեպտեմբերը բավական երկար ժամանակ կա, որպեսզի իշխանությունը որոշումներ կայացնի, պատկերացրեք, նրա տրամադրությունները կարելի է զգալ արդեն օգոստոսի առաջին տասնօրյակում»,- նկատեց Այվազյանը։
Ամփոփելով՝ ընդդիմադիր գործիչը համոզմունք հայտնեց, որ երկխոսությունն իր գլխավոր՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցով, պետք է շատ արագ վերջացնել, եւ թույլ չտալ, որ իշխանությունը ժամանակ ձգձգի։ «Արտահերթ նախագահական ընտրությունները ՀԱԿ-ի համար առաջնահերթություն են։ Դրանք երկրում պետք է անցկացվեն հնարավորինս անցնցում։ Ընդ որում, արտահերթ ընտրությունները պետք են ոչ միայն ՀԱԿ-ին, այլ նաեւ ողջ ժողովրդին։ Ժողովուրդն է ՀԱԿ-ի ուժը եւ եթե այս հարցում ՀԱԿ-ը պարտվի, կպարտվի նաեւ ժողովուրդը»։
Նշենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին, որի ժամանակ հստակ օրակարգ չի ձեւավորվել:




























