Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 22-ին այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք եւ ծանոթացել վերանորոգված եւ նորագույն  տեխնիկայով կահավորված բաժանմունքի պայմաններին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:

Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները եւ այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաեւ նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ եւ թափանցիկ իրականացնելու համար:

Նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են  ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած  քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով`  քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների  սպասարկման մակարդակը եւ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

Բաժանմունքի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության  անձնագրային եւ վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է  կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային  ծառայությունը: