Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բյուջեի 16-18 տոկոսը ձեւավորվում է մոմերի վաճառքից, այցելուների հանգանակություններից, հոգեւոր գրականության վաճառքից, իսկ եկամուտների մնացած մասը բարեգործներից ու տարբեր ծրագրերի իրականացնող կազմակերպություններից: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ Տե-Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին, թե ճիշտ չի՞ համարում, որ Մայր Աթոռը տարեկան մեկ անգամ հաշվետվություն հրապարակի իր եկամուտների ու ծախսերի մասին, Մելիքյանը պատասխանել է, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ֆինանսական հաշվետվությունն ամեն տարի ներկայացվում է Գերագույն հոգեւոր խորհրդին, որից հետո հրապարակվում է պաշտոնական ամսագրում:
Բացի այդ, Մելիքյանը հայտնել է, որ Մայր աթոռը հաշվետու է բոլոր այն բարեգործների առաջ, ովքեր միջոնցներ են հատկացրել եկեղեցուն:
«Շատ հաճախ եկեղեցիների կառուցման կամ վերանորոգման զանազան նախագծեր իրականացնում են հենց բարեգործները եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ուղղակի կապ չունի այդ միջոցների ծախսման հետ»,- նշել է նա:




























