Կոմիտաս պողոտայի 5ա, 3, 7 եւ 7/1 հասցեի մի  խումբ բնակիչներ բաց նամակ են գրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով նրան. «Մի՛ վատթարացրեք մեր կենսական պայմանները, մի՛ պակասեցրեք մեր արեւի լույսը»: Նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում քաղաքապետի  որոշման առթիվ, որով Կոմիտասի 5 հասցեում կառուցվելում է  էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան եւ բազմաբնակարան 14-հարկանի շենք: Այսպիսով, ըստ նամակի հեղինակների, կոպտորեն ոտնահարվում է շրջակա շենքերի բնակիչների տարրական կենսապայմանները, շահերն ու սահմանադրական իրավունքները: Բնակիչներն այս առթիվ մի շարք հիմնավորումներ ու փաստեր են ներկայացնում: Շինարարությունը իրականացվում է «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից (տնօրեն` Էդվարդ Քեշիշ Աբրամ):

«Քաղաքապետարանի կողմից հաստատված, ապաեւ քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննության ենթարկված շինարարական, նախագծային եւ այլ փաստաթղթերում, այդ թվում տարածքի հատակագծում 30-ից ավելի բազմամյա ծառերը, որոնցից 10-ը «Լիբեր» ՍՊԸ-ն արդեն կտրել է, ընդհանրապես նշագրված չեն, այսինքն այդ փաստաթղթերը կեղծ են եւ չեն կարող հիմք հանդիսանալ որեւէ օրինական որոշում ընդունելու համար»,-ասված է նամակում: Ոչ բնակիչների, ոչ էլ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցումները առ այն, թե ինչ հիմունքներով է Կոմիտասի 5 հասցեով շուրջ 1000 քառ. մ տարածքը կամ էլեկտրատրանսպորտի քարշի գործող ենթակայանը վարձակալությամբ հանձնվել, իսկ գործող քարշի ենթակայանի շենքը օտարվել «Լիբեր» ՍՊԸ-ին առանց աճուրդի` պետական պատկան որեւէ մարմնի կողմից որեւէ պատասխանի այդպես էլ չի արժանացել:

Նամակի տակ կա 115 ստորագրություն: