Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում այսօր` հուլիսի 22-ին, կատարվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանում «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Թինաթին Ասաթիանիի հոգեհանգտյան արարողությունը:

Հիշատակի եկեղեցական կարգին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Թբիլիսիի հայ համայնքի եւ մտավորականության ներկայացուցիչներ եւ Թինա Ասաթիանիի ընտանիքի անդամներ:

Հոգեհանգստյան արարողությունից առաջ ներկաներին ներկայացվել է Թինա Ասաթիանիի կենսագրությունը եւ նրա հասարակական գործունեությունը:

Թինա Լեւանի Ասաթիանին ծնվել է 1918 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում, պրոֆեսոր Ասաթիանիի ընտանիքում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը,  հետագայում դարձել է ֆիզկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս:

1943 թվականին ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի հրավերով նա եկել է Հայաստան` մասնակցելու Արագածի կայանում տիեզերական ճառագայթների հետազոտմանը: 1970 թվականին Թինա Ասաթիանին եւ Արտյոմ Ալիխանյանը գիտնականների խմբի հետ միասին պարգեւատրվել են Լենինյան մրցանակով:

Թինա Ասաթիանին Մեծ ներդրում է ունեցել վրաց-հայկական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Թինա Ասաթիանին հանդիսանում էր Վրաստանի պատվավոր քաղաքացի, պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով եւ մեդալներով:

Հոգեհանգստյան ավարտվելուց հետո գրող, հարապարակախոս, թարգմանիչ Գիվի Շահնազարը  ներկաներին փոխանցել է իր հիշողություները կապված մեծանուն գիտնականի գործունեության հետ: