Երեւանի հետ շփման եզրեր գտնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը վկայում է վերջինիս քաջության մասին,- կարծում է Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի ներկայացուցիչ, Ելի համալսարանի միջազգային անվտանգության ոլորտի հետազոտությունների ասոցիացված տնօրեն եւ ԱՄՆ ռուսաստանյան ու եվրասիական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ջեֆրի Մանքոֆֆը։
Մանքոֆֆը խոսում է այն մասին, որ Էրդողանի ղեկավարած թուրքական կառավարությունը մեծ ճնշման տակ էր Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկու արձանագրությունների պատճառով։ Պաշտոնական Բաքուն պնդում էր այն բանի վրա, որպեսզի ոչ մի համաձայնություն չստորագրվեր, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Այնպես որ, սույն փաստը թուրք վարչապետի քաղաքական քաջության ապացույցն է։ Այն դեպքում, երբ կարճ ժամանակահատվածում Հայաստանը առավել մեծ շահաբաժին կստանա, երկկողմ համաձայնագիրն ինքնին, ի վերջո, կարող է շետ ավելի մեծ նշանակություն ունենալ։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները զրկել են Հայաստանին Կասպից ծովի էներգետիկ պաշարներից օգտվելու առավելությունից։ 90-ականների կեսերին Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը համաձայնագիր ստորագրեցին Կասպից ծովից դեպի Եվրոպա նավթամուղի անցկացման վերաբերյալ։ Արդյունքում Վրաստանն ու Թուրքիան կարողացան ազատվել Ռուսաստանի կախվածությունից։ Իսկ Հայաստանը մնաց ձեռնունայն։
Սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը խոցելի է, քանի որ 2008 թվականին նա ժամանակավորապես կաթվածահար էր եղել Թուրքիայի տարածքում գտնվող հատվածը գնդակոծած քուրդ պարտիզանների պատճառով։ Այն դեպքում, երբ Վրաստանը Ռուսաստանին էր մեղադրում այն բանում, որ նրա ռազմաօդային ուժերը ռուս-վրացական պատերազմի ժամանակ որպես թիրախ են ընտրել նավթամուղի վրացական հատվածը։ Եվ չնայած այն բանին, որ Ռուսաստանը չի գնացել դրան, նա պարզորոշ հասկացրել է, որ ի վիճակի է խափանել կասպիական նավթագազային նախագծի գործունեությունը։ Այնպես որ, Արեւմուտքը պետք է լավ կշռադատի, նախքան Վրաստանին օգնության տրամադրումը շարունակելը։
Փորձագետի կարծիքով, "նկատի առնելով այն, որ Եվրոպան գազային նախագծի նոր ճանապարհներ է որոնում, նա կարող է իր հայացքն ուղղել Հայաստանի վրա որպես հնարավոր այլընտրանքի։ Հայաստանի տարածքով ճանապարհը շատ ավելի կարճ կլինի, իսկ հետեւաբար եւ ավելի էժան։ Եվ քանի որ Հայաստանը համապատասխան հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, գազամուղի ճակատագիրը քաղաքական առավել փոքր ռիսկի կենթարկվի։ Այնպես որ, նման պարագայում ԵՄ-ը, ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները աշխարհաքաղաքական մեծ հետաքրքրություն ունեն։
Սակայն Ռուսաստանը նույնպես կարող է առավելություններ ունենալ. ռուսական ընկերությունները Ադրբեջանում ներդրումներ կատարելու հնարավորություններ են փնտրում, եւ Հայաստանի դիվանագիտական մեկուսացման վերջը կմեծացնի Ռուսաստանի ազգեցությունը Հարավային Կովկասում։ Սակայն, չնայած նման հեռանկարներին, Ռուսաստանը մինչ այժմ ավելի շատ խոչընդոտել, քան աջակցել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նա թերահավատորեն է տրամադրված Թուրքիայի՝ որպես էներգետիկ պաշարների կարեւոր փոխաբեռնման կետի, դերի նկատմամբ, հակակրանք է տածում Միխեյիլ Սահակաշվիլու կառավարության նկատմամբ եւ արդեն երկար ժամանակ օգտվում է տարածաշրջանի անկայունությունից, որոնք խոչընդոտում են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի գազային նախագծերին։
Այնպես որ, Օբամայի վարչակազմի դերի կարեւորությունն այն է, որ նա Մոսկվային դրդում է առավել կառուցողական մոտեցումների։ Վերանայելով Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ դիրքորոշումը, Օբաման նաեւ Ռուսաստանին դրդեց վերանայել ռազմավարական իր հաշվարկները Հարավային Կովկասում։




























