Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ում գլխավոր դատախազի առաջարկով պաշտոնանկություն է սպառնում, երկու օր է`անհասանելի է լրագրողների համար, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն ամեն ինչ անում են` քաղաքապետին լրագրողների հետ շփվելուց զերծ պահելու համար: Նրանցից մեկն էլ քաղաքապետարանի գործավարուհի ներկայացած Նունեն է, ով երկու օր է, հեգնախառը տոնով անընդհատ հայտարարում է, թե  քաղաքապետը տեղում չէ, կամ էլ զբաղված է: Հերթական հեռախոսազանգի ժամանակ նա պահանջեց, որ NEWS.am-ի թղթակիցը թողնի իր տվյալները, հարցը, որը պիտի ուղղի քաղաքապետին եւ խոստացավ զանգահարել`«հենց քաղաքապետն ազատվի»: Այսօր էլ, օրվա ողջ ընթացքում նա հայտարարեց, թե քաղաքապետը զբաղված է քաղաքացիների ընդունելությամբ եւ ժամանակ չունի շփվել լրագրողների հետ: Քաղաքապետի պես անհասանելի էին նաեւ նրա տեղակալն ու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

Գուրգեն Մարտիրոսյանի` ընդհատակ անցնելու պատճառը, ենթադրում ենք, նրա հնարավոր պաշտոնանկությունն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: 2011թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ:

Սակայն հուլիսի 20-ին, ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները:

Կառավարությունը, սակայն, հուլիսի 20-ին տեղի ունեցած իր նիստում այդպես էլ չանդրադարձավ դատախազի դիմումին: Թե երբ է պատրաստվում կառավարությունը քննարկել Գավառի քաղաքապետի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` հայտնի չէ: Վարչապետի օգնական Արամ Անանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարցի վերաբերյալ լրատվամիջոցներին կտեղեկացնի հնարավորինս սեղմ ժամկետում:  

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաեւ Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին եւ իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:
Նախաքննական մարմնի գնահատմամբ` Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների՝ նախապես չխոստացված պարտակում եւ նրան մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Մարտիրոսյանի կատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ: 
Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ սա այն գործն է, որը դարձավ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկության եւ կալանավորման պատճառը: 

Նշենք նաեւ, որ 36-ամյա Գ.Մարտիրոսյանը «Մարտի 1»-ի գործը քննած հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի ազգականն է: Մարտիրոսյան ընտանիքին են պատկանում Գավառի գաղալցակայանների մեծ մասը, խանութներ, ռեստորաններ, շուկա, տաքսի ծառայություն ու Գավառ-Երեւան երթուղային գիծը:


Ըստ լուրերի` նա այս օրերին փորձում է կառավարական հնարավոր բոլոր միջոցներով լուծել իր պաշտոնավարման շարունակության հարցը` որպես միջնորդ ներգրավվելով հորեղբորը` դատավոր Մարտիրոսյանին: