«Ազգ»-ը գրում է. «Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը ուղեւորությունների առնչությամբ հրապարակել է հաղորդագրություն, որտեղ երկրի քաղաքացիներին զգուշացնում է «Առանց խիստ անհրաժեշտության չայցելել Թուրքիա, Ադրբեջան եւ Վրաստան»: Մինչ այդ, ինչպես հուլիսի 20-ին նշել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, Իսրայելի քաղաքացիները զգուշացվում էին Միջերկրականի ավազանի եւ Հեռավոր Արեւելքի երկրների առնչությամբ: Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը վերջին հաղորդագրությամբ վերացրել էր այցելությունների սահմանափակումը այդ երկրներՙ թողնելով դրանք ուժի մեջ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պարագայում:

Թուրքիայի պարագայում, սահմանափակումները կարելի է պայմանավորել թուրք-իսրայելական հարաբերություններում առկա լարվածությամբ: Ադրբեջանի դեպքումՙ իսլամականության վերելքով, իսկ Վրաստանիՙ ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության ծավալումով, որը իսլամականության վերելքի հետ, որպես կանոն, հանգեցնում է երկրում հակասեմականների ակտիվացմանը, հատկապես այն դեպքում, երբ այդ անհանդուրժողականությունըՙ ի դեմս պատրիարքի, դրսեւորում է վրաց ուղղափառ եկեղեցին»: