«ՉԻ»-ն առաջարկում է. «Երեւի ավելի ճիշտ կլիներ, եթե Նարեկ Սարգսյանի պաշտոնը կոչվեր ոչ թե Երեւանի գլխավոր ճարտարապետ, այլ Երեւանի փոքր կենտրոնի գլխավոր շինարար: Այն իմաստով, որ այդ մարդը Երեւանի կենտրոնը շինեց-թողեց:  Ընդ որում` զավեշտն այն է, որ երբ պետք է լինում, ասենք, կառավարության շենքի թմբուկը կառուցել, նա քչփորում է Թամանյանի արխիվը եւ եզրակացնում, որ առանց թմբուկի Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքն ամբողջական չէ, իսկ երբ այդ թմբուկից մի քանի հարյուր մետր այն կողմ հյուրանոց է կառուցում, միանգամից մի կողմ է դնում « հրապարակի ճարտարապետական տեսքը» եւ արդեն խոսում մայրաքաղաքի պահանջների մասին: Իրականում` սկզբունքը մեկն է` «փողին մուննաթ»:

Կարող եք չկասկածել` եթե որեւէ ներդրող կարգին գումար առաջարկի եւ պահանջի քանդել հրապարակը ու դրա տեղում յոթ աստղանի հասարակաց տուն կառուցել, պրն Սարգսյանը չի առարկի: Մի քիչ չեմուչում կանի` գինը բարձրացնելու համար եւ վերջ»: