Դուդուկահար Ջիվան Գասպարյանը «կլյաուզա» եւ «շառ» է որակում Երեւանի Ալեք Մանուկյան 15-րդ շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչների՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած դիմում-կոչը: Բնակիչները խնդրում են թույլ չտալ Ջիվան Գասպարյանին Այգեստան 7 փողոց 1-ին շենքի դիմաց կառուցված իր առանձնատան համար կարճ ճանապարհ կառուցել, պատճառաբանելով, որ դրա համար հավելյալ ծառահատումներ պետք է կատարվեն, ինչն էլ ավելի կփոքրացնի՝ առանց այդ էլ չեղած մանկական խաղահրապարակը։ Այս մասին աշխարհահռչակ երաժիշտն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Ես այդ ճանապարհը հարեւանների խնդրանքով եմ կառուցում։ Գալիս-խնդրում են, որ Ջիվան Գասպարյանը միջնորդի, հետո դուրս է գալիս՝ միայն իմ համար եմ կառուցում։ Խայտառակ ճանապարհ է։ Բայց եթե չեն ուզում` չեմ կառուցի։ Նույնիսկ գնացել եմ Ճանապարհային ոստիկանության պետի մոտ, ով մարդիկ ուղարկեց, եկան նշաններ տեղադրեցին։ Շտապօգնության ճանապարհ չկա, հրշեջ մեքենաները չեն կարող բակ մտնել»,- պատմեց երաժիշտը։
Հարցին՝ ճի՞շտ է, որ բնակիչների պահանջին ի պատասխան՝ իր անձնական օգտագործման համար ճանապարհ չկառուցել, ինքն ասել է «Ես ձեզանից թույլատրություն չեմ հարցնում. ես վաղուց այս հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ», Ջիվան Գասպարյանն ասաց. «Հանրապետության նախագահն ի՞նչ կապ ունի դրա հետ, ուղղակի ուզում են մի բան կպցնեն Ջիվան Գասպարյանի պոչին։ Նախագահը բան ու գործ չունի, պետք է նստի, ինձ հետ նման հարցե՞ր քննարկի։ Այս ակցիայի կազմակերպիչներն իմ կարծիքով երկու-երեք «բուդկայատերեր» են, ովքեր վախենում են, որ ճանապարհի կառուցման համար իրենց «բուդկաները» կապամոնտաժվեն, բայց ես առաջինը նման բան թույլ չեմ տա»,- կարծիք հայտնեց երաժիշտը։
Նշենք, որ Երեւանի Ալեք Մանուկյան 15–րդ շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչները երեկ դիմում-կոչ են հղել ՀՀ նախագահին, որով խնդրում են արձագանքել իրենց խնդրանքին եւ թույլ չտալ երաժշտին անձնական օգտագործման ճանապարհի կառուցման հաշվին կրճատել երեխաների խաղահրապարակի տարածքը եւ կանաչ տարածքներ ոչնչացնել։ «Հարգարժան դուդուկահարն ուզում է վերջնականապես զրկել մեր երեխաներին բակ իջնելու հնարավորությունից: Նրա ծրագրի վերջին կետն իր նոր առանձնատան համար կարճ ճանապարհ կառուցելն է, որպեսզի Ալեք Մանուկյան փողոցից միանգամից մտնի իր բակի առանձնատան տակ գտնվող ավտոտնակը: Այո՛, իր բակը, որովհետեւ նա իր գործողություններով հերթական անգամ ապացուցում է, որ մեր երկրում արդարություն եւ հավասարություն կոչվածի մասին մոռանում են,երբ ասպարեզ է գալիս հեղինակություն կոչվածը։ Ճանապարհը կառուցելու համար, ինչպես եւ նրա ծրագրի առաջին փուլում, հերթական անգամ պետք է ոչնչացվի կանաչ տարածք՝ առնվազն 80 քմ, եւ մի քանի հնամյա հաստաբուն ծառեր, որոնք պահպանում են մեր բնակարանները դիմացի փողոցի սրճարանների ձայնային աղմուկից եւ փոշուց, նաեւ մի կրպակ, որով իր հացն է հայթայթում անապահով բազմազավակ ընտանիքը:
Խնդրում ենք Ձեզ, մեծարգո պարո՛ն ՀՀ նախագահ, թույլ չտալ թյուրիմացություն հանդիսացող այդ ճանապարհի բացումը»,- գրված է դիմում-կոչի մեջ:



























