Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 22-ին հանդիպել է Բյուրականում մեկնարկած «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցներին, ծանոթացել ճամբարի առօրյային ու պայմաններին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում նա նշել է. «Ընդհանրապես, «Բազեն» ունի մեծ խորհուրդ. այն ոչ միայն երիտասարդներին համախմբելու փորձ է, այլեւ առանձնահատուկ մթնոլորտի ձեւավորում, որը մեր մեջ դաստիարակում է հայրենասիրություն, նվիրվածություն: Այստեղ դուք լիցքավորվելու եք այնպիսի արժեքներով, հասկանալու եք, թե հանուն ինչի եք ապրելու եւ պայքարելու»: Վարչապետը նշել է, որ այսօր պետական տարբեր պաշտոններ զբաղեցնողներից շատերը նախկինում եղել են բազեականներ եւ համոզմունք է հայտնել, որ ճամբարի մասնակիցների թվում էլ լինելու են վառ անհատականություններ, որոնք իրենց ուսերին են կրելու մեր հայրենիքը շենացնելու գործը: 

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մասնակցել է բազեականների կողմից կազմակերպած խարույկահանդեսին:

Նշենք, որ Ճամբարին մասնակցում են Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ, ովքեր  ապրում են վրանային պայմաններում: Ճամբարի շրջանակներում  կանցկացվեն մարզամշակութային միջոցառումներ եւ արշավ՝ դեպի Ամբերդ, հետաքրքիր հանդիպումներ: Ճամբարն անցկացվում է երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ: Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ:

«Բազե» ճամբարը կտեւի մինչ հուլիսի 31-ը: «Բազե» երիտասարդական փառատոնի երկրորդ փուլը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, տեղի կունենա օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, որին կմասնակցեն մոտ 350 երիտասարդներ՝ Երեւանից, Հայաստանի մարզերից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից: Երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համերգով: