Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հուլիսի 24-ին կատարվել է հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանի հոգեհանգտյան արարողությունը:
Պ. Մուրադյանը ծնվել է 1933թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի եւ Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր:
Հայագիտության համար խոշոր երեւույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:
Մնայուն եւ գիտական մեծարժեք հետազոտություններ են Armeno-Georgica մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները` Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն եւ վրացերեն խմբագրությունները:
Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն` ավելի քան 300 տպագիր աշխատություն:
Պ. Մուրադյանը բազմիցս արձագանքել է նաեւ պատմության կեղծարարություններին եւ պարբերական մամուլի ու գիտական հանդեսների էջերում բազմիցս հանդես է եկել սուր գրախոսություններով:




























