Ամստերդամում հուլիսի 24-ին ավարտվել է Մաթեմատիկայի միջազգային 52-րդ օլիմպիադան, որտեղ հայ երիտասարդները մեդալ ու պատվոգրեր են նվաճել:

Ինչպես հաղորդում է Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքէջը` imo2011.nl, Հայաստանի թիմի անդամներից Արմեն Վարդանյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Մհեր Մնացականյանը, Արտյոմ Քոսյանն ու Արշակ Մինասյանը՝ պատվոգրերի: Մեր հավաքականի մյուս անդամը՝ Դանիիլ Հայրապետյանը եւս ստացել է ճիշտ այնքան միավոր, որքան պատվոգրերի արժանացած մյուս մասնակիցները, սակայն պաշտոնական կայքում նրա անվան դիմաց նշված չէ, որ նա պատվոգրի է արժանացել:

Նշենք, որ այս օլիմպիադան անցկացվում է մինչև 20 տարեկան ուսանողների շրջանում: Մրցույթը հիմնադրվել է դեռ 1959 թ.. այն ժամանակ մրցույթին մասնակցել է 7 երկիր` Հունգարիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, ԳՖՀ-ն եւ ԽՍՀՄ-ը: Ներկայումս մրցույթի մասնակից երկրների թիվն անցնում է 100-ից: Ըստ մրցույթի կանոնների՝ ամեն երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 երիտասարդ: