Աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ հարյուրավոր անօթեւան ընտանիքներին զգալի ֆինանսական ու բարոյական վնաս է հասցվում սեփականության առկայության մասին պետկադաստրի տրամադրած սխալ տվյալներով տեղեկանքների պատճառով:
Ինչպես նշում է «Շիրակ Կենտրոնը», ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի բաժինների կողմից տրված տեղեկանքների` իբր Երեւանում եւ հանրապետության այլ համայնքներում նրանք ունեն 2, 3, 4 եւ նույնիսկ 5 բնակարան կամ առանձնատուն: Նման դեպքերում եթե տվյալ ընտանիքները չկարողանան կրկին պետկադաստրի կողմից վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկանքներով հերքել սեփականություն ունենալու փաստը, ապա նրանք աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներին համապատասխան կզրկվեն պետության կողմից երկրաշարժին կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցումից:
Այս խնդրի առնչությամբ «Շիրակ Կենտորնը» հարցում է հղել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ակնկալելով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.
1. 2009-2011 թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարված վճարումներով եւ հարցումներով աղետի գոտում բնակբաշխման գործընթացին մասնակցելու հավակնորդ քանի՞ քաղաքացու սեփականություն ունենալու մասին տեղեկանք է պահանջվել եւ քանիսն է տրամադրվել,
2. քանի՞ քաղաքացու դեպքում տրամադրված տեղեկանքներով է սեփականության համընկնում գրանցվել եւ այդ դեպքերից քանի՞ քաղաքացու սեփականություն ունենալու վերաբերյալ տեղեկատվություն է հետագայում հերքվել,
3. աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների սեփականության առկայության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը որքա՞ն գումար է վճարել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, իսկ հետագայում աղետի գոտու անօթեւան ընտանիքների սեփականություն ունենալու համընկման դեպքերը հերքելիս ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է վճարվել տվյալ քաղաքացիների կողմից:
Ավելացնենք, որ մեր մոտավոր հաշվարկներով կադաստրը 2009 - 2011 թթ. աղետի գոտում բնակարան ստանալու հավակնորդ ավելի քան 600 ընտանիքի անդամների մասին տրամադրել է սխալ տեղեկատվությամբ տեղեկանքներ: 2009-ից մինչեւ օրս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պետական բյուջեի միջոցներից պետկադաստրին աղետի գոտում բնակարան ստանալուհավակնորդ ընտանիքների սեփականության մասին տեղեկատվություն տրամադրելու եւ նոր ստացած բնակարանների սեփականաշնորհման համար նախատեսված ծառայությունների դիմաց արդեն իսկ վճարել է 60 մլն դրամի չափ գումար:
Այդպիսով, ըստ «Շիրակ կենտրոնի», աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցող եւ նման խնդիրների մեջ ներքաշված յուրաքանչյուր ընտանիքի, բացի բարոյական վնասից, պատճառվում է նվազագույն հաշվարկներով 20 – 30 հազար դրամի չափով ֆինանսական վնաս, որը ընդհանուր եւ մոտավոր հաշվարկներով ամբողջ աղետի գոտու կտրվածքով հասնում է ոչ մեկ տասնյակ մլն դրամի: Ո՞վ եւ ե՞րբ պետք է փոխհատուցի հարյուրավոր անօթեւան ընտանիքներին, երկու տարի շարունակ կադաստրի աշխատակիցների անփույթ գործունեության պատճառով հասցված այս ահռելի բարոյական եւ ֆինանսական վնասը հայտնի չէ:



























