«Նաբուկո» նախագիծը իր արհեստականությամբ հիշեցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ «Նաբուկո»-ն, տարբեր պատճառներով, ծայրահեղ դժվար իրականանալի նախագիծ է: «Ամենագլխավորն այն է, որ այդ նախագծին խանգարում են ֆինանսական դժվարությունները եւ երկրորդ՝ առանց այդ նախագծում Իրանի մասնակցության, այն ուղղակի անարդյունավետ կդառնա: Բայց հատկանշական է, որ „Նաբուկո“-ի նոր քարտեզում, որը գծվել է ԱՄՆ-ում, նախագծում ընդգրկված է նաեւ Հայաստանը, եւ դա, իհարկե, կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- ասաց փորձագետը:
Մյուս կողմից, ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը լրացուցիչ խոչընդոտ է դարձել այդ նախագծի իրականացման համար: «Բաքուն, Անկարայի ու Երեւանի նկատմամբ իր խանդի պատճառով, ըստ էության, հրաժարվում է իր գազը մղել Թուրքիայի տարածքով եւ ես հակված չեմ մտածել, որ այդ երկրներին կհաջողվի հեշտությամբ հաղթահարել քաղաքական տարաձայնությունները»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:
Միաժամանակ Եվրամիության ներկայացուցիչ Ֆերան Տարանդելաս Էսպունին նախօրեին կոչ է արել Թուրքիային ու Ադրբեջանին՝ չխառնել քաղաքականությունը էներգետիկայի հետ, այլապես կստացվի «զարհուրելի կոկտեյլ»: նա ընդգծեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնագիրը ոչ մի առնչություն չունի գազային թեմայի հետ:
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ցանկությունը՝ դառնալ Եվրոպայի էներգետիկ մատակարարը, իսկ Թուրքիայի ցանկությունը՝ ադրբեջանական նավթը հասցնել Եվրոպա, պետք է գերիշխեն քաղաքական հավակնություններին»,- հայտարարեց փորձագետը: Նրա խոսքով, քաղաքականությունը էներգետիկայից պետք է անջատել ցանկացած պարագայում, քանի որ Ղարաբաղի հետ, կամ առանց նրա, հայ-թուրքական կարգավորված հարաբերություններով կամ առանց դրա, Ադրբեջանը շատ հետաքրքիր է Եվրապայի համար՝ որպես գազի մատակարար, իսկ Թուրքիան` որպես տարանցիկ երկիր:
Նշենք, որ «Նաբուկո» գազամուղը նախատեսում է գազը Ադրբեջանից Թուրքիայով հասցնել Եվրոպա, սակայն հայ-թուրքական հարաբերություններ եւ արձանագրությունների ստորագրումը բացասական արձագանք են առաջացրել Բաքվում: իսկ ահա ԵՄ-ն ողջունել է այդ արձանագրությունների ստորագրումը՝ նշելով, որ դա «օգտակար կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»:



























