«Երեւանջուր» ընկերության կողմից Երեւանում կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը:

Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ: Այն վարել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանձնարարել է  կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների, այլեւ վթարների հետեւանքով վնասված մայթերի  հատվածները, լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Զեկուցվել է, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:

Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Միաժամանակ նշվել է, որ այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով պարբերաբար ջրվում են ջրցան մեքենաներով:

Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել եւ «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն: