Ավստրիայի կառավարությունը որոշել է կասեցնել պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022թ․ փետրվարին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ավստրիայի դաշնային կանցլերի աշխատակազմում Եվրոպայի եւ Սահմանադրության հարցերով նախարար Կարոլինե Էդշտադլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ համապատասխան օրենքի կասեցումն ի սկզբանե նախատեսված է եղել դրա դրույթներով։ Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ այժմ կորոնավիրուսի այլ մուտացիաների տարածման պատճառով պարտադիր պատվաստումների իրականացումը հիմնարար իրավունքներին չհիմնավորված միջամտություն է։

Ինչպես ասել է Ավստրիայի առողջապահության նախարար Յոհաննես Ռաուխը, պարտադիր պատվաստումների կասեցումը կգործի առնվազն մինչեւ հունիս, երբ կներկայացվի փորձագիտական հանձնաժողովի նոր զեկույցը։ «Երեք ամսից նոր որոշում կկայացվի»,- ասել է Ռաուչը՝ հավելելով, որ այն կընդունվի համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ գիտական տվյալների հիման վրա։

Ներկայումս Ավստրիայում բնակչության մոտ 70%-ը երկու անգամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ասել է Ռաուխը։

Ավստրիայում փետրվարի 5-ից ուժի մեջ էր մտել 18 տարեկանից բարձր բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը։ Օրենքի պահպանման նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում էր մտցնել մարտի 15-ից։