2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը նվազել է 18,3 տոկոսով եւ կազմել է 2 տրիլիոն 123 միլիարդ 218.4 մլն դրամ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2009թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ 4.8 տոկոս աճ է արձանագրվել: Նախորդ ամիս ՀՆԱ-ի անկումը կազմել է 18,4 տոկոս, հետեւաբար կարելի է արձանագրել, որ տնտեսական անկումը դանդաղել է:
Տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում` կազմելով 53,8 տոկոս: Արդյունաբերության ոլորտը նվազել է 11,4 տոկոսով, գյուղատնտեսությունը 2,3 տոկոսով, ծառայությունները` 1,8 տոկոսով։ Մանրածախ առեւտրի ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 0,8%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով արձանագրել է 30,7 տոկոս անկում՝ կազմելով 2 732 մլն դոլար։ Ընդ որում, ներմուծումը նվազել է 27,9 տոկոսով՝ կազմելով 2 252 մլն դոլար, իսկ արտահանումը 41,5 տոկոսով` կազմելով 481 մլն դոլար։ Ամսվա կտրվածքով, սակայն, առեւտրաշրջանառությունն աճել է 7,1 տոկոսով:
Միջին անվանական աշխատավարձը կազմել է 98 369 դրամ, տարեկան աճելով` 12 տոկոսով: Պաշտոնական գործազրկությունը տարեկան կտրվածքով աճել է 11,1 տոկոսով` կազմելով 83 հազար հարյուր մարդ, բայց նախորդ ամսվա համեմատությամբ այս թիվը նվազել է 700-ով:



























