Թուրքմենստանում նախագահական ընտրություններում քաղաքացիների քվեարկությունն ամբողջ երկրում տեղական ժամանակով ժամը 19։00-ին է ավարտվել։ Աշխաբադի, Ախալի, Բալկանյան, Մարիի, Դաշողուզի եւ Լեբապսի վելայեթներում փակվել են 2577 ընտրատեղամասերը, հայտնում է Turkmenportal-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Կազմակերպվել է նաեւ արտերկրում գտնվող Թուրքմենստանի քաղաքացիների քվեարկությունը, որտեղ երկրի դեսպանատներում եւ հյուպատոսություններում բացվել են 41 ընտրատեղամասեր։
Ընտրություններին մասնակցել է երկրի քվեարկության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների 97,12 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի նախագահի ընտրության նախընտրական քարոզարշավը սկսվել է 2022թ․ փետրվարի 14-ին։
Ընտրական գործընթացի ամբողջական մոնիթորինգն իրականացվել է ազգային եւ միջազգային դիտորդների կողմից։
ԿԸՀ-ն գրանցել է երեք քաղաքական կուսակցությունների եւ վեց նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված 9 թեկնածուների։
Ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունն անցկացվել է մարտի 2-11-ը եւ ընդգրկել է ընտրողների ընդհանուր թվի 7,9 տոկոսը։





























