Շաբաթ ցերեկը Նյու Յորքում Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուները տարհանվել են տղամարդու հարձակումից հետո, որը ներգրավված է եղել վերջին օրերին թանգարանում հասարակական կարգը երկու անգամ խախտելու մեջ, հաղորդում է  CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Երկու աշխատակից է մեջքի ու պարանոցի շրջանում վնասվածք ստացել եւ անհապաղ հոսպիտալացվել: Ակնկալվում է, որ նրանց կյանքին վնաս չի սպառնում, հայտնել է հետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատարի տեղակալ Ջոն Միլերը:

Միլերի խոսքով՝ ցերեկը անդամության տոմսը ներկայացրած տղամարդը փորձել էր թանգարան մտնել, սակայն նրան ներս չէին թողել, քանի որ փաստաթուղթն անվավեր էր, ինչը կապված էր հասարակական կարգը խախտելու երկու դեպքերի հետ:

Միլերի խոսքով՝ մերժում ստանալուց հետո նա զայրացել էր եւ հարձակվել թանգարանում ընդունարանի երկու աշխատակիցների վրա՝ դանակով մի քանի վիրավորում հասցնելով:

Ներկայում Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում է կասկածյալին, որին նկարագրել են որպես  սեւ վերնահագուստով եւ բժշկական դիմակով60-ամյա տղամարդ: Միլերի խոսքով՝ այդ նկարագիրն անմիջապես փոխանցվել է ռադիոկապի ստորաբաժանումներին, որից հետո սկսվել է հետախուզումը: