Սկաուտական շարժման ակտիվիստներն այցելել են Գյումրի: Այս տարի Հայաստան ժամանած ստաուտները 3-18 տարեկան են` թվով 140 մարդ: Նրանցից 90-ը Սիրիայի Դամասկոս եւ Հալեպ քաղաքներից են, 50-ը` ԱՄՆ-ի տարբեր շրջաններից, նրանց միացել էին նաեւ շարժման 15 մասնակիցներ Երեւանից:
«Այս այցելություններով մենք փորձում են նաեւ ասել, որ ապրելով Սիրիայի ու Ամերիկայի տարբեր քաղաքներում, շարունակում ենք մնալ հայ, հիշում ու կարոտում ենք»,-հավաստել են նրանք:
Սկաուտական շարժումը գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ հայ երիտասարդական ընկերակցության Հալեպի ու ամերիկյան մասնաճյուղերի աջակցությամբ, արդեն 80 տարի: Հիմնական նպատակը կազմակերպված բարեգործական ակցիաները կյանքի կոչելն է: Ամեն տարի, սկաուտական շարժման ակտիվիտների մի խումբ գալիս է նաեւ Հայաստան, շրջում մայրաքաղաքում, լինում Դիլիջանում կազմավորված սկաուտական ճամբարում, այցելում նաեւ Գյումրի, ու գրեթե ամեն այցելության ժամանակ կազմակերպում բարեգործական միջոցառումներ` սոցիալապես անապահով ընտանիքների, մանկատան եւ հաշմանդամ երեխաների համար:
Երիտասարդ ակտիվիստների այս շարժումը գործում է աշխարհի 22 երկրներում: Հայաստանում կազմակերպված Գյումրու եւ Վանաձորի այս տարվա բարեգործական միջոցառումներն առաջինը չէին, 2010-ին Հայաստան ժամանած Ուրուգվայի եւ Պարսկաստանի խմբերը եւս նույն առաքելությունն ունեին, առաջիկայում կմեկնարկի նաեւ Արցախի երիտասարդ սկաուտների թիմը:
Այցելության շրջանակներում սկաուտական թիմի «Անդրանիկ» բանակի Սիրիայից ժամանած անդամները եղել են քաղաքի տարբեր թաղամասերի ծանր կենցաղային պայմաններ ունեցող մի քանի տներում, ծանոթացել քաղաքին, իսկ ամերիկյան թիմի անդամները եղել են Լոռիի մարզի մի քանի գյուղերում, խաղեր կազմակերպել գյուղերի մանկահասակ երեխաների համար, ճաշել նրանց հետ միասին: Վերջում 2 խմբերը միասին մասնակցել են հատուկ պատանի ու երիտասարդ սկաուտների «Անդրանիկ» բանակի համար «Գոհար» երաժշտախմբի կազմակերպած համերգին:



























