Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հուլիսի 26-ին լրագրողների ներկայությամբ հսկիչ գնումներ իրականացրեց Հրազդան քաղաքի «Հրազդան» եւ «ՎԵՎ» սուպերմարկետներում: Գնված ապրանքների փաթեթավորումներից պարզ էր դառնում, որ առկա են օրենքի կոպիտ խախտումներ:
Օրինակ` «Հրազդան» սուպերմարկետում վաճառվում էր «Գեւորգ Բադալյան» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող արհեստական մեղր, որի տարայի վրա գոյություն չուներ արտադրության ժամկետի կամ պիտանելիության մասին տեղեկատվություն: Տարաների մեծ մասի վրա ընդհանրապես որեւէ փաթեթավորում չկար: Մեղրը լցված էր ոչ մաքուր տարայում, այդ հեղուկը նույնիսկ արտաքուստ նողկանք էր առաջացնում: Նշենք, որ մոտ 400 գրամանոց մեղրն առաջարկվում է 200 դրամով, ինչը կարող է գայթակղիչ լինել հատկապես երեխաների համար:
Սույն սուպերմարկետում հայտնաբերվեցին նաեւ պարսկական արտադրության բրոյլերային հավեր, որոնք չունեին հայերեն մակնշում, ինչպես նաեւ ժամկետի վերաբերյալ որեւէ նշում: Նույնը վերաբերում է նաեւ Ferrero Collection անհայտ ծագման ու ժամկետանց շոկոլադին, որը տեղադրված էր հանրահայտ Ferrero Rocher-ի հարեւանութամբ, արտաքուստ նման էր իտալական շոկոլադին, բայց իրականում որեւէ առնչություն չուներ հայտնի բրենդի հետ: Ակնհայտ է, որ սուպերմարկետի ղեկավարությունը ցանկացել է սպառողին մոլորության մեջ գցել` անհայտ ծագման ու առանց պատշաճ փաթեթավորման շոկոլադը տեղադրելով իտալական կոնֆետների մեջտեղում:
«ՎԵՎ» սուպերմարկետում էլ վաճառում էին Գետամեջի արտադրության բրոյլերային հավեր, որոնք պատշաճ փաթեթավորված չէին (փաթեթները պատառոտված ու կեղտոտ էին), ինչպես նաեւ չունեին արտադրության ու պիտանելիության վերաբերյալ որեւէ նշում: Առանց հայերեն մակնշման վաճառվում էին արտասահմանյան արտադրության հեղուկ օճառներ ու frosch լվացքի հեղուկներ:



























