Հայաստանի Շախմատի ազգային հավաքականի տղաներն իսկական հերոսներ են, նրանք կարողացան աշխարհին պատվով ներկայացնել հայկական շախմատը։ NEWS.am-ի թղթակցի հետ զույցում այս մասին հայտարարեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ խոսելով շախմատի Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին:

«Հայաստանն, իհարկե, երկու անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվել էր, բայց աշխարհի չեմպիոն երբեք չէր եղել։ Այդքան վստահ եւ փայլուն կերպով հաղթել աշխարհի առաջնությանը մասնակցող մի քանի ուժեղագույն թիմերի իսկապես հեշտ չէր եւ խոսում է հայկական շախմատի՝ աշխարհում առաջիններից մեկը լինելու մասին։ Աշխարհը շատ մեծ է, եւ ես ուղղակի հպարտանում եմ, որ Հայաստանը շախմատային հզոր երկիր է համարվում»,- ասաց Սմբատ Լպուտյանը՝ հավելելով, որ շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցող գրեթե բոլոր թիմերը բավական հզոր էին եւ հաղթելու գրեթե հավասար հնարավորություններ ունեին։ «Սակայն  մեր թիմը միասնության, հավաքվածության եւ ոգու շնորհիվ որպես մեկ միասնական ուժ կարողոցավ փայլուն հաղթանակ տանել»:

Նշենք, որ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 26-ին առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: