Առաջարկում ենք ԱԺ-ին հանդես գալ առաջարկով կամ հայտարարությամբ, կամ կոչով, կամ էլ պահանջել Եվրոպայի խորհրդից՝ Ադրբեջանի հետ չկնքել որեւէ քաղաքական, դիվանագիտական եւ առավել եւս տնտեսական համաձայնագիր, քանի դեռ Բաքուն չի ազատել հայ ռազմագերիներին եւ չի երաշխավորել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը։ Այս մասին մարտի 18-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Ավելին, ինչպես նշեց քաղաքական գործիչը, Ադրբեջանն ամեն կերպ խախտում է մարդու իրավունքները, հատկապես Արցախի հայ բնակչությանը վերաբերող հարցերում։
«Կարծում եմ՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պետք է տվյալ առաջարկը ներկայացնի Հայաստանի Ազգային ժողովին՝ հետագա քննարկման համար։ Իր հերթին, ԱԺ-ն ստիպված կլինի դիմել Եվրոպայի խորհրդին։ Սա, ըստ իս, կարեւոր է հատկապես ներկայիս արագ փոփոխվող իրավիճակում։ Ի վերջո, մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը՝ Ուկրաինայում իր մոտալուտ պարտության համատեքստում, կարող է որոշել զորքերը դուրս բերել Արցախից։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է հակազդեցության լրջագույն անհրաժեշտություն ստեղծել։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում կարելի է խոսել միայն միջազգային երաշխիքների մասին»,- պարզաբանեց Խզմալյանը։
Ըստ արեւմտամետ կուսակցության ղեկավարի՝ սա իդեալական պահ է Ադրբեջանի «դեմոնիզացիայի» համար։ Խզմալյանը մատնանշեց նաեւ Ռուսաստանի նկատմամբ համապատասխան միտումի առկայությունը։
«Այնպես որ, Ադրբեջանը Ռուսաստանին եւ տվյալ միտմանը կապելը մեզ համար, առավել քան երբեւէ, հեշտ կլինի»,- նշեց Խզմալյանը՝ Մոսկվային մեղադրելով 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ։
Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նրան զգուշության կոչ արեց։
«Պարո՛ն Խզմալյան, իհարկե, ողջունում եմ ձեր առաջարկի էությունը, սակայն պետք է ձեզ կոչ անեմ որեւէ մեկին չաջակցել, հատկապես այս կամ այլ խոշոր աշխարհաքաղաքական հակամարտություններում։ Սա վերաբերում է բոլորիս։ Սկսենք նրանից, որ որեւէ կողմին աջակցելով՝ դժվար թե կարողանանք ինչ-որ կերպ փոխել ուժերի հարաբերակցությունը։ Շատ խոշոր եւ լուրջ խաղացողներ բախվել են, եւ մենք չպետք է ներքաշվենք այս գործընթացի մեջ։ Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել էպիկենտրոնում եւ մեծապես տուժել: Սա մեկ անգամ չէ, որ եղել է մեր պատմության մեջ»,- ասաց Եղոյանը՝ անհամաձայնություն հայտնելով արեւմտամետ քաղաքական գործչի հնչեցրած թեզերին։
Ի պատասխան՝ Խզմալյանը շտապեց Եղոյանին հիշեցնել նրա ղեկավարած հանձնաժողովի անունը։
«Ճիշտ եք, պարո՛ն Խզմալյան, բայց ինտեգրումը կարող է բոլորովին այլ ձեւաչափեր ներկայացնել։ Ինտեգրումը շատ լայն գործընթաց է։ Այս գործընթացը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ աշխարհն այդքան էլ բեւեռացված չէր։ Մենք չգիտենք, թե վերոնշյալ բախումից հետո ինչ ինտեգրացիոն գործընթացներ կառաջանան։ Մենք չգիտենք, թե որտեղից կսկսվեն եւ ուր կտանեն։ Ողջ գործընթացը նման է փոթորկից հետո դեպի ափ լողալու հետ։ Իսկ այսօր մեր խնդիրն է լողալ դեպի ափ։ Մենք չենք պատրաստվում փոթորկից անմիջապես հետո ինչ-որ մեկի հետ խնդիրներ ունենալ։ Մենք ուզում ենք ու պատրաստվում ենք հասնել ափ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։





























