«Առավոտ»-ն իր  խմբագրականում գրում է. «Ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոսն իր անձն անհամեստորեն նույնականացնում է Հայ առաքելակսսն սուրբ եկեղեցու հետ: Ստացվում է, որ նրանք, ովքեր քննադատում են այդ մահկանացուին, իրականում հարձակվում են եկեղեցու վրա եւ ընդհանրապես՝ հայ ազգի թշնամիներն են:  Վեհափառը, բնականաբար, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ընտրել է քննադատությունից պաշտպանվելու այս, մեղմ ասած, խոցելի ձեւը: Երկրագնդի գրեթե բոլոր աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները միշտ էլ դա էին պնդում, եւ երբ ձեռները ճար էր լինում, այրում էին, բանտ էին շպրտում, գնդակահարում էին նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն՝ ոչ թե որպես իրենց անձնական ընդդիմախոսներ, այլ որպես ազգի, պետության, կրոնի կամ գաղափարախոսության թշնամիներ: Հայաստանի նորագույն պատմությունը նույնպես ունի իշխանավորների՝ նման մոտեցման վառ օրինակներ:

Այս պահին միտս եկավ բազմաթիվ դեպքերից մեկը, երբ 2003 թվականի հերթական կեղծված ընտրություններից հետո Եվրոպայի խորհրդում այն ժամանակվա ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը նպաստել էին այդ կեղծիքները դատապարտող բանաձեւի ընդունմանը, իշխանությունն իր «կոմսոմոլներին» ուղարկել Էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի այդ պատգամավորներին ընդունեն դավաճանության մեղադրանքներ պարունակող պաստառներով: Ստացվում է, որ ընտրություններ կեղծելը պետության համար բարիք է, իսկ դա արձանագրելը՝ չարիք: Այդպես էլ այս դեպքում՝ ամեն ինչի՝ «Մոսկվա» կինոթատրոնի, սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակայքի, մշակութային հաղորդումներ հեռարձակող պետական հաճախականության վրա «աչք տնկելը» չի վարկաբեկում մեր եկեղեցին, իսկ դրա մասին խոսելը վարկաբեկում է»: