Երեւանում 2010 թ. հունիս- 2011 թ. մայիս ժամանակահատվածում ջրամատակարարումը հասել է օրական միջինը 21.26 ժամի` նախորդ տարվա 20.82 ժամի փոխարեն: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը: Նվազագույն ջրամատակարարումը, ըստ նրա, հասել է օրական 8 ժամի, իսկ հաջորդ տարում կդառնա 12 ժամ:
Սակայն, ըստ Օհանյանի, ամռան ամիսներին հնարավոր է ջրամատակարարման որոշ վատթարացում` կապված ամառային շոգ ամիսներին ջրի սպառման ծավալների աճի հետ:
Նշենք, որ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը 2005 թ. 10 տարով վարձակալության է տրվել ֆրանսիական Veolia Water ընկերությանը: Ընկերությունը պարտավորվել է մինչեւ պայմանագրի ավարտը Երեւանում ապահովել օրական 22.8 ժամ ջրամատակարարում (95 տոկոս): Կ. Օհանյանն այսօր հավաստիացրեց, որ պայմանագրի բոլոր կետերը կկատարվեն:



























