Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամները Երեւան կժամանեն այսօր` հուլիսի 27-ին` ժամը 22:00-ին:

Ավելի վաղ նշվել էր, որ նրանց չվերթը մի փոքր հետաձգվել է` օդանավի ուշանալու պատճառով:

Նախապես նշվել էր, որ հայ չեմպիոնների օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի այսօր` հուլիսի 27-ին ժամը 15:00-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել է: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները սկզբում Չինաստանից կժամանեն Մոսկվա, որից հետո` Երեւան:

Օդանավակայանում նրանց դիմավորելու է Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ամբողջ Հայաստանը եւ մասնավորապես Երեւանի բնակչությունը ոգեւորությամբ է սպասում իր չեմպիոններին: Արդեն բազմաթիվ երիտասարդական խմբեր պատրաստվում են այցելել օդանավակայան եւ առաջինը դիմավորել շախմատի աշխարհի չեմպիոններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղթանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն այս կարեւորագույն մրցաշարում հաղթանակ չէր տարել: Թիմի ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պայքարի էին դուրս եկել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: