«Մի պուճուր միլիոնանոց ժողովուրդ գնում է միլիարդանոց Չինաստան, կրում-գալիս է, լավ են էլի շախմատ խաղում»,- Այսօր` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը, ով 6-ամսյա բացակայությունից հետո արդեն 20 օր է, ինչ Հայաստանում է:
Իրեն հատուկ հումորով նա անդրադարձավ մի շարք հարցերի: Նախ նկատեց, որ Ճակատագրի բերումով, նախորդ անգամ Հայաստան գալիս «իր հետ բերել է» ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, իսկ այս անգամ` այցը համընկավ շախմատիստների հաղթանակի հետ:
Անդրադառնալով շախմատի թեմային, երգիծաբանը նշեց, որ մանկուց պաշտել է շախմատը, ֆուտբոլից հետո շախմատ էր լավ խաղում: Շատ է սիրել հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, նրա գիրքը կարդացել է եւ երբ բակում շախմատ էր խաղում ուրիշ բակերից եկած թիմերի հետ, ասում էին. «Ինքը Պետրոսյանի քայլերով է խաղում»: «Հենց դրա շնորհիվ ես արդեն հոգեբանորեն հաղթում էի կողքի բակի երեխեքին»,- պատմեց Վարդան Պետրոսյանը, ով այս առթիվ նաեւ անեկդոտ հիշեց:
«90-ականներին մի պահ ամեն ինչ Վանոյի ձեռքին էր, հենց ասում էին հանրապետություն, պատկերացնում էին` Վանո: Էդպիսի մի անեկդոտ կար, Բիլ Քլինթոնի վերընտրության մասին: Երկու ավտոտեսուչ կանգնած խոսում են, ասում է` «Լսի’, Քլինթոնը վերընտրվել է», նա էլ ասում է` «Մալադեց Վանո»: Հիմա ասում են մեր շախմատիստները դարձել են աշխարհի չեմպիոն: Մալադեց Սերժ, հալալա Սերժին, մուծվելա, կազմակերպելա, ճշտելա, աշխարհի չեմպիոն դարձրելա»,- ծիծաղելով պատմեց Վարդան Պետրոսյանը:
Նշենք, որ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 26-ին առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները ոչ-ոքի խաղացին ` 2:2: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Աշխարհի չեմպիոն դարձած մեր շախմատիստները Երեւան են ժամանելու այսօր` հուլիսի 27-ին, ժամը 22.00-ին:




























