Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում օգոստոսի 8ին եւ 9-ին դերասան երգիծաբան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի իր նոր «Սեռասարսափ» կինոներկայացումը: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` դերասանը: «Դահլիճը զովացվում է, դուք նստում եք, մենք էլ էնտեղ բեմի վրա թաղում ենք սաղին»,- իր ներկայացման գովազդն այսպես ձեւակերպեց նա:
Սա կինոներկայացում է լինելու, որովհետեւ բեմում զուգահեռ ֆիլմ է ցուցադրվելու, իսկ սցենարը գրվել է Փարիզում: Վերնագիրը մի քանի անգամ փոխվել է` «Մի վախեցեք», «Հիսուսը մեզ հետ» եւ այլն, բայց հետո դարձավ «Սեռասարսափ»:
Վարդան Պետրոսյանի խոսքով` կինոներկայացումը առավել երիտասարդական է, այնտեղ շոշափվում են մի շարք հարցեր` ինքնախաբեություն` կապված կրթական հարցերի, օժիտային դիպլոմների, մարդկային հարաբերությունների հետ եւ այլն: Ներկայացման մեջ նա անդրադարձել է մարմնավաճառներին եւ մարմնավաճառ-հաճախորդ հարաբերությունները համեմատել իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների հետ:
«Տեսնում ենք, թե ինչպես մայր ժողովրդին հանել են «на панел» եւ գցում են քացու տակ, որովհետեւ այլկերպ ես չեմ կարող դա անվանել: Սա այն ձեւն է, որը չի կարող չազդել: Ես այնպիսի տեղեր եմ ճզմելու, որ ազդեցությունը լինի ուժեղ»,- նշեց երգիծաբանը: Դեռեւս ապրիլին գրած ներկայացման սցենարում Վարդան Պետրոսյանը անդրադարձել է շախմատային դիվանագիտությանը, բայց իշխանությունն ու ընդդիմությունը իրենից առաջ ընկան եւ կարողացան իրենց միջեւ ընթացող բանակցություններն անվանել շախմատային դիվանագիտություն: Ի դեպ, ինչ վերաբերում է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, դերասանը նշեց, որ երկխոսությունը լավ հնավարություն է երկիրը փոսից հանելու եւ առաջ տանելու համար:




























