Արցախյան ազատամարտի մասնակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար հավաքվել է 13 հազար ստորագրություն:

Ստորագրահավաքը կազմակերպած Հայազն երիտասարդների միաբանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 29-ին միաբանությունը կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Միաբանության տարած աշխատանքները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ուղղությամբ, դրանց արդյունքները, ապա նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների եւ հրամանատարի միջեւ: Կներդրվեն բոլոր ջանքերը՝ հորդորելու արցախյան հերոսին վեր կանգնել իր որդեգրած դիրքորոշումից եւ եւս մեկ անգամ անձամբ դիմել իշխանություններին՝ սեփական հայրենիքի քաղաքացիությունն ստանալու համար:

Հիշեցնենք, որ Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի ծննդյան 44-ամյակին ընդառաջ Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպել էր ստորագրահավաք, եւ հավաքված շուրջ 13 հազար ստորագրություններով նամակ էր հանձնել Սերժ Սարգսյանի նստավայր` հրամանատարին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Նստավայրից ստացված գրավոր պատասխանում ասվում է, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 16:00-ին, հասցե՝ Պուշկինի 38, II հարկ: