Ղազախստանի իշխանությունները մտադիր են նպաստել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) համապարփակ հզորացմանը։ Այս մասին ասված է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ ԱՊՀ ՄԽՎ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է Սենատի (հանրապետության խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մաուլեն Աշիմբաեւը։
«Անգնահատելի է Վեհաժողովի դերն ԱՊՀ շրջանակներում բարեկամության, բարիդրացիության, փոխըմբռնման եւ համագործակցության առանձնահատուկ մթնոլորտի ստեղծման գործում։ Ղազախստանն ամբողջությամբ աջակցում է Վեհաժողովի բազմակողմ գործունեությանը եւ, որպես ԱՊՀ նախագահ եւ ՄԽՎ-ի հիմնադիրներից մեկը, մտադիր է ամեն կերպ նպաստել այս եզակի եւ օգտակար հաստատության համակողմանի ամրապնդմանը»,- ասված է Տոկաեւի ուղերձում:
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ այսօրվա հանդիպումը խորապես խորհրդանշական է, քանի որ անցկացվում է Ալմաթի քաղաքում ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակի տարում։ «Հենց այստեղ երեք տասնամյակ առաջ ստորագրվեց Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման պատմական համաձայնագիրը։ Անցած տարիների ընթացքում այս եզակի ինստիտուտը սկսեց առանձնահատուկ դեր խաղալ Համագործակցության բազմակողմ համագործակցության համակարգում։ Վեհաժողովը նշանակալի ներդրում է ունենում ազգային օրենսդրության կատարելագործման, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում»,- ասել է Տոկաեւը։
Նրա խոսքով՝ բարձր գնահատանքի է արժանի խորհրդարանականների մասնակցությունն ընտրական գործընթացների պրակտիկայի կատարելագործմանը և քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովմանն ԱՊՀ տարածքում։ «Միջխորհրդարանական երկխոսությունը նպաստում է համագործակցության ընդլայնմանը տնտեսական, սոցիալական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ զգալի ներդրում է ունենում անվտանգության ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի իրավական հիմքերի ստեղծման գործում։ Համատեղ օրենսդրական աշխատանքը թույլ է տալիս հավասարակշռված մոտեցումներ մշակել կայուն զարգացման, ապակարբոնիզացման եւ թվայնացման ընթացիկ համաշխարհային օրակարգի շրջանակներում նոր խնդիրների լուծման համար»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը։





























