ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը համեմատում է S դասի Mercedes-ի ընթացքի հետ, որն A կետից նպատակաուղղված սլանում է դեպի B կետ` դեպի անրատերթ նախագահական ընտրություններ:
Նման խորհրդանշական զուգահեռներ ընդդիմադիր գործիչն անցկացրեց լրագրողների հետ հուլիսի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Մենք S դասի Mercedes-ով A կետից գնում ենք դեպի B կետը։ Բայց ամբողջ ճանապարհը հնարավոր չէ անցնել միեւնույն արագությամբ, որովհետեւ այդ ճանապարհին կան շրջադարձեր, փոսեր, կա լիցքավորվելու անհրաժեշտություն։ Մենք գիտենք, որ հասնելու ենք վերջնակետին։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ մեր պայքարը ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական»,- նկատեց Փաշինյանը։
Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ ինքը վստահ է՝ իշխանությունների հետ երկխոսության պտուղն, ի վերջո, լինելու է երկրում արտահերթ ընտրություների անցկացումը։ «Սերժ Սարգսյանին համարում ենք ավազակապետության գլուխ եւ ասում ենք, որ այդ ավազակապետությունը պետք է կազմաքանդվի։ Իհարկե պահանջում ենք նրա հրաժարականը։ Սերժ Սարգսյանը պետք է կհեռանա՝ իր կրիմինալ-օլգարխիկ համակարգով»:




























