Երեւանի զարգացման 2011թ ծրագրով նախատեսված չէր Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի (Աբովյան–Սայաթ–Նովա խաչմերուկում) շինարարությունը: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նինել Վարդանյանը: Նրա խոսքով`«Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի թունելի շինարարության վերաբերյալ խոսկացություններ կային, բայց փաստաթղթային մակարդակով որեւէ բան չկար:

«Ենթադրվում էր, որ քանի որ Աճառյանի լեզվի ինստիտուտը ապամանոտաժվել է, այդ առիթը կօգտագործվի եւ հավանաբար կիրականացվի նոր մուտքի բացումը, բայց դա ընդամենը եղել է  խոսակցության մակարդակով»,- ասաց նա: Վարդանյանը չնշեց, թե արդյոք այդպիսի խոսակցությունները փաստաթղթի տեսք կստանա՞ն եւ ե՞րբ դա կլինի:

Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաեւ լուրերը, թե մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի թունելի աշխատանքների հետ կապված փորձագիտական խումբ եւ նախագծահաշվարկային փաստաթղթեր կան: Նա նշեց, որ այդպիսիք գոյություն չունեն, դրանց համար ֆինանսավորում է պետք:

Ինչ վերաբերում է նրան, որ 2009 թվականին Երեւանի մետրոպոլիտենը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստացել է 15 մլն եվրո, որով նախատեսված էին նաեւ «Երիտասարդական»–ի երկրորդ մուտքի կառուցման գումարները, Նինել Վարդանյանը նշեց, որ իրենք 2010թ ստացել են 5 մլն եվրո, որը ծախսել են անվտանգության նպատականերով եւ գնել են անվասալյակներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի զարգացման 2011թվականի ծրագրի համաձայն՝ այս տարի նախատեսվում էր սկսել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում) շինարարությունը, բայց այդտեղ կառուցվում է Ս. Աննա եկեղեցին եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը, ուստի, ըստ հրապարակումների, երկրորդ մուտքի մասին խոսելը անիմաստ է: Նշվել էր նաեւ, թե  դեռ 2009 թվականին Երեւանի մետրոպոլիտենը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստացել է 15 մլն եվրո՝ ռազմավարական այդ կառույցի բարելավման համար, որում նախատեսված էին նաեւ «Երիտասարդական»–ի երկրորդ մուտքի կառուցման գումարները: